Ո՞վ և ինչպե՞ս ստեղծեց համացանցը

Համացանցի ստեղծումը չի կարելի վերագրել մեկ հոգու։ Դա մի շարք գիտնականների, ծրագրավորողների և ինժեներների քրտնաջան աշխատանքի արդյունք է։

Նախքան համացանցի ստեղծումը շատ գիտնականներ արդեն ակնկալում էին տեղեկատվության համաշխարհային ցանցերի գոյությունը։ Նիկոլա Տեսլան «աշխարհի անլար համակարգի» գաղափարով հանդես է եկել դեռևս 1900-ականների սկզբին։ Սակայն համացանցի առաջին աշխատող պրոտոտիպը հայտնվել է 1960-ականներին՝ ARPANET-ի` Ընդլայնված հետազոտական ծրագրերի գործակալության ցանց (Advanced Research Projects Agency Network) ստեղծմամբ։ Այն ի սկզբանե ստեղծվել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության կողմից և թույլ էր տալիս տարբեր համակարգիչների միանալ միևնույն ցանցին։

Տեխնոլոգիան շարունակեց զարգանալ 1970-ականներին, երբ գիտնականներ Ռոբերտ Կանը և Վինտոն Սերֆը ծրագրավորեցին փոխանցման վերահսկման եւ ինտերնետ պրոտոկոլները (TCP/IP), որոնք թույլ են տալիս, որ տվյալները փոխանցվեն տարբեր ցանցերով։ ARPANET-ը ձեռք բերեց TCP/IP-ն 1983թ.հունվարի 1-ին։ 1990-ականներից համացանցն ավելի մեծ տարածում ստացավ, երբ համակարգչագետ Թիմ Բերներս Լին հայտնագործեց համաշխարհային ցանցը՝ World Wide Web-ը։ Այն հաճախ շփոթում են ինտերնետի հետ, սակայն դա հենց ինտերնետը չէ, այլ այն միջոցը, որով կարելի է մուտք գործել տվյալներ՝ վեբկայքերի կամ հղումների միջոցով։ Եվ հենց դա օգնեց, որ ինտերնետը տարածում գտնի հանրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

18.02.2019

Ինչպե՞ս