Techradar.am-ի հիմնադիրը պատմում է իր ու կայքի մասին, կիսվում է մտքերով

Ես Տաթևիկ Պողոսյանն են, լեզվաբան-թարգմանիչ, ով աշխատում է իր մասնագիտությամբ և շատ է սիրում իր աշխատանքը։

Կայքը ստեղծելիս նպատակս մեկն էր՝ մեծից փոքր օգտնել մարդկանց գլուխ հանել տեխնոլոգիաներից։ Ծանոթներին, թոռնիկներին ու երեխաներին դիմելու փոխարեն ինքնուրույն անել որևէ բան։ Իմանալ շատ բաներ կայքերի, հավելվածների մասին, ճանաչել տեխնոաշխարհի և այլ տարբեր դեմքերի, կրթվել։ Չեմ սիրում, որ այս դարում մարդիկ նման շատ բաներից դեռ տեղյակ չեն։ Ուզում եմ, որ մարդիկ զարգացած լինեն։

Կայքը ստեղծել եմ մի քանի օրում, բայց ոչ միայնակ։ Դիզայնից գլուխ չեմ հանում, իմը տեքստայինն է։ Շատ կարևոր է, որ կան օգնողներ։ Ucraft-ով կայք պատրաստելը շատ հեշտ է ու հեշտ կառավարելի։ Հիմա արդեն ամեն ինչ ինքս եմ անում, կայքը ամբողջական է։

Չեմ կարող ասել, որ կայք ունենալն իմ երազանքն է եղել կամ երբևէ մտածել եմ բլոգ-կայք ունենալու մասին։ Բիզնես գուցե մտածել եմ ունենալ, բայց առանձնապես չեմ կենտրոնացել դրա վրա։

Հիմա հասկանում եմ, որ կարևոր է ունենալ մի որևէ փոքր նախագիծ, որը քոնն է ու որին սիրում ես քո երեխայի նման։ Այո’, միայն այդ դեպքում կստանաս որակյալ արդյունք։ Եվ ամենակարևորն է, որ կարողանաս մի փոքր գումար վաստակել աշխատանքից դուրս։ Դեռ գումար չունեմ կայքից, բայց հույսեր կան։ Եթե անգամ չլինի էլ, չեմ հանձնվի, այսպես ես օգնում եմ մարդկանց և երջանիկ եմ, երբ ինձ գրում են, որ շատ են հավանում կայքը։ Կարևոր է հետք թողնել կյանքում, ինչպես Թումանյանն է ասել՝ գործն է անմահ։ Գիտեմ, որ հարյուր տարի հետո էլ այսօրվա գրածս լինելու է, և երջանիկ եմ դրանով։

Ոգեշնչման կարիք այնքան էլ շատ չունեմ, քանի որ իմ մեջ ամեն ինչ այնքան ոգեշնչված ու մոտիվացված է։ Երբեք չեմ սիրել պարտվել, գուցե երբեմն հոգնում եմ, բայց չեմ թուլանում։ Աշխատում եմ անդադար, կարդում եմ ամեն օր, լսում եմ անգամ աշխատելու ընթացքում։

Կյանքումս անգնահատելի է անգլերենի դերը։ Լեզու իմանալը ոսկե բանալի է, առանց դրա հիմա չեմ պատկերացնում կյանքս։ Խորհուրդ եմ տալիս անպայման իմանալ, իսկ անգլերեն՝ պարտադիր։ Լեզուն աշխարհայացք է ձևավորում, հաճախ մտածում եմ անգլերեն և բնավ չեմ չափազանցնում։

Նախանձել երբեք չեմ սիրել։ Եթե ինչ-որ բան դուր է գալիս որևէ մեկի մոտ, ձգտում եմ հասնել դրան՝ առանց տվյալ անձի հանդեպ չարանալու։ Ինձ համար անընդունելի է մարդու հետ վատ վարվել նախանձից ելնելով։ Գուցե դա շատ ծանոթ է ինձ, դրա համար չեմ կարող նույնկերպ վարվել ուրիշի հետ։

Շատ դպրոցներ եմ փոխել, դրանք կյանքի դպրոցներ էին ու հիմա հասկանում եմ, որ մարդկանց հետ շփումը նույն սկզբունքով է, նրանք չեն մեծանում, ամեն ինչ նույնն է։

Ինձ համար երջանկությունը փողի մեջ չէ, կարծում եմ՝ երջանկությունն այն վերաբերմունքի մեջ է, որը մարդիկ տածում են հարուստ մարդու հանդեպ։ Բայց դա էլ է անցողիկ, փողը չկա, հարգանքն անցնում է։ Դրա համար պետք չէ փողի հետ կորցնել անձնական արժեքները։

Երբեք չեմ ուզեցել, որ ինձ համարեն հարուստի կին կամ դուստր, ուզում եմ ամեն ինչի ինքս հասնել և կարծես թե ստացվում է։

Հասկացել եմ, որ սոցիալական մեդիա մարքեթինգ ու որոնողական համակարգերի օպտիմալացում պետք է սովորեցնել դեռ դպրոցական տարիքից։ Այն, ինչ սովորեցնում են մարքեթինգի բաժիններում, զրոյանում է առանց դրանց իմացության։

Որքան էլ հարստանաս ու փառքի հասնես, միայնակ երջանիկ լինել չես կարող։ 

Ինքս ինձ միշտ վստահում եմ, միասին շատ ենք խոսում, սիրում եմ ամեն ինչ հաշվարկել, գծել ու պլանավորել։ Ասում են՝ նա, ով ձախողում է պլանավորել, պլանավորում է ձախողել։

Միշտ շատ լավ եմ սովորել, բայց վստահ կարող եմ ասել, որ գիտելիքը գնահատականի մեջ չէ։ Պարզապես, երբեմն ուսման վարձը կախված է գնահատականներից։ Սովորիր այն, ինչը քոնն է ու խորացիր դրա մեջ, դարձիր դրա լավ մասնագետը, և թող ֆիզիկադ էլ բավարար լինի։ Կարևորը՝ քո ոլորտում դու կլինես միակը։

Ես տնտեսագետ էի ուզում դառնալ, բայց հիմա հասկանում եմ, որ լեզվաբան-թարգմանիչն իսկապես ինձ համար է։ Որոշումս փոխել եմ ընդունվելուց վեց ամիս առաջ և ուրախ եմ, որ ռիսկի դիմեցի։

Առաջ ուզում էի շատ լավ մաթեմատիկա իմանալ, բայց հիմա ավելի կարևոր ձգտումներ ունեմ։

Ես ուսանողական տարիներին շատ ժամանակ չեմ տրամադրել ժամանցին և դրա համար անկեղծ ասած չեմ զղչում։ Կարևորն այն է, ինչ հիմա կա, իսկ ժամանցը կարող ես լրացնել։

Երբ մարդիկ ինձ մոտ իրենց են սկսում գովել, ես մոռանում եմ երկու կարմիր դիպլոմներիս ու աշխատանքիս մասին և լուռ լսում եմ նրանց։ Ինքս ինձ գովելն ամենադատարկ բանն է։

Կարծում եմ՝ հաջողության հասնելու մեջ բացի աշխատասիրությունից շատ մեծ է նաև բախտի գործոնը։

Լուռ ու համեստ մարդիկ չեն կարող խելացի կամ գոնե մտածող չլինել, ինձ համար համեստությունն արժանիք է։

Մարդիկ հիմա չարացած ասում են այն, ինչ մտածում են՝ դա անվանելով սարկազմ։ Պարզից էլ պարզ է, որ այն երբեմն անզորության արդյունք է։ 

Ես սովորում եմ անտեսել նախանձն ու չարությունը, այլապես չես կարողանա ապրել։

Ես երջանիկ եմ, որ երկու ամիս անց նկատեցին իմ աշխատանքն ու գնահատեցին։

Երջանիկ եմ, որ զբաղվում եմ իմ սիրած գործով։

Երջանիկ եմ, որ կարողանում եմ օգտակար լինել։

Եվ վերջապես, երջանիկ եմ, որ իմ կողքին կա մեկն, ով առաջինն իմ ընկերն է, իսկ հետո կյանքի ընկերը։

Իսկ եթե հետաքրքիր է, թե ով եմ ես, ապա դիտեք իմ հարցազրույցը։

*10 րոպեում գրեցի այն, ինչ մտածում էի...

21.04.2019