Լեզուներ սովորելու լավագույն հավելվածները

Լեզու սովորելը մեր օրերում շատ կարևոր և անհրաժեշտ է, քանի որ բացի հիմնական մասնագիտություն ունենալուց անհրաժեշտ է գոնե մեկ այլ լեզու իմանալ՝ ավելի շատ հաջողությունների հասնելու և ավելի շատ դռներ բացելու համար։ Այս անվճար հավելվածները թույլ կտան լեզու սովորել ամենուր, եթե ունեք ժամանակ։ Կարող եք սովորել գերմաներեն, անգլերեն, չինարեն, ֆրանսերեն, իսպաներեն և շատ-շատ այլ լեզուներ։ Դե ինչ, եկեք սկսենք։

 

Duolingo

Այստեղ կարող եք առանց հաշիվ բացելու սովորել տասնյակ լեզուներ տարբեր եղանակներով՝ առանց գումար վճարելու։ Duoling-ում օգտագործվում են տարբեր եղանակներ՝ նկարների, աուդիո հոլովակների և այլնի տեսքով՝ ավելի արդյունավետ դարձնելու սովորելու գործընթացը։

Ծրագրում ամեն ինչ քայլերով ու փուլերով է՝ գնալով բարդանալով և հետաքրքրանալով։

Լեզուներ։ Իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, անգլերեն, ճապոներեն, կորեերեն, իտալերեն, պորտուգալերեն, հոլանդերեն, իռլանդերեն, դանիերեն, շվեդերեն, թուրքերեն, հունարեն, սուահիլի, շվեդերեն, ռումիներեն, ինդոնեզերեն, չեխերեն և այլն։

Աշխատում է բոլոր օպերացիոն համակարգերով։

 

Memrise

Այս ծրագրում հաշիվ ստեղծելը պարտադիր է, և այն նույնպես ունի ուսուցման հետաքրքիր մեթոդներ։ Առկա են նաև օֆլայն դասընթացներ և կարելի է սովորել տասնյակ լեզուներ։ Օրինակ՝ անծանոթ բառերը սովորելիս ծրագիրը խառնում է բառերը, որպեսզի հիշեք դրանք ոչ թե տեղերով, այլ իմաստով։

Լեզուներ։ Անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հոլանդերեն, պորտուգալերեն, նորվեգերեն, դանիերեն, ճապոներեն, կորեերեն, իսլանդերեն, սլովեներեն, արաբերեն, թուրքերեն, գերմաներեն, շվեդերեն, լեհերեն, իտալերեն, չինարեն, ռուսերեն, մոնղոլերեն։

Աշխատում է iOS, Android և Web ծրագրերով։

 

busuu

Այս ծրագրում կարող եք շփվել այլ ուսանողների հետ և միմյանց մասին կարծիք գրել։  Հաշիվ ունենալն այստեղ ևս անհրաժեշտ է, և շատ գործառույթներ վճարովի են։ Նաև քիչ է ուսուցանվող լեզուների ընտրությունը։ Այնուամենայնիվ, ուսուցանման մեթոդները հետաքրքիր և արդյունավետ են։ Տրվում են անծանոթ բառերը, դրանց հիման վրա կազմվում են թեստեր և այլն։

Լեզուներ։ Գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն, թուրքերեն, ճապոներեն, չինարեն։

Աշխատում է iOS, Android և Web ծրագրերով։

 

Դե իսկ մենք սեփական փորձից կարող ենք խորհուրդ տալ Duolingo-ն՝ իր բոլոր հնարավորություններով հանդերձ։

05.02.2019

Հավելվածներ, Լեզուներ, Duolingo, Memrise, busuu, Ուսուցում