Ի՞նչ է կոմֆորտ զոնան և ինչպես է այն սպանում մարդուն

Կոմֆորտ զոնան հիմնականում սահմանվում է որպես «վարքագծային տարածք, որտեղ ձեր գործողությունները և վարքագիծը համապատասխանում են այն ձևին ու վարքագծին, որը նվազագույնի է հասցնում սթրեսն ու ռիսկը»։ Այլ կերպ ասած՝ կոմֆորտ զոնայում կա ծանոթության, անվտանգության և որոշակիության զգացողություն։  Երբ դուրս եք գալիս ձեր կոմֆորտ զոնայից, ռիսկի եք դիմում, սթրեսի ենթարկում ձեզ և վստահ չեք, թե ինչ կլինի և ինչպես կարձագանքեք դրան։

Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տվել, թե ինչպես է կոմֆորտ զոնայի «հարմարավետության» զգացողությունը դանդաղ սպանում մարդուն։ Իրականում դրանից դուրս գալն է ձեր տարերքը բացահայտելու, նոր ձեռքբերումների հասնելու և երջանկություն գտնելու եղանակը։

Ահա երեք պատճառ, թե ինչու է կոմֆորտ զոնան սպանում մարդուն։

 

Այն խանգարում է աճել

 

Որքան երկար մնաք ձեր կոմֆորտ զոնայում, այնքան ավելի շատ անշարժ կմնաք, իսկ աճելու համար շարժվել է պետք։ Պետք է դուրս գաք ձեր շրջանակից և պարզեք, թե որքան մեծ է աշխարհը նրանից դուրս։

 

Այն խանգարում է նոր բաներ փորձել

 

Թերևս կյանքում շատ կարևոր է գտնել մեր տարերքը, իսկ դրա համար պետք է տարբեր բաներ փորձել։ Շատերն իրենց տարերքը կարողանում են շուտ բացահայտել, իսկ շատերը ստիպված են փնտրտուքների դիմել։ Խնդիրն այն է, որ որքան երկար մնաք ձեր կոմֆորտ զոնայում, այնքան ավելի սահմանափակ կլինեք և կխուսափեք նոր բաներ փորձելուց՝ այդպես էլ չկարողանալով գտնել, թե ինչն է ձերը։

 

Այն ստիպում է ձեզ հարմարվել

 

Երբ երկար եք մնում ձեր կոմֆորտ զոնայում, վախենում ու խուսափում եք նոր հնարավորություններից՝ հարմարվելով հնին ու այդպես էլ ձեզ երջանիկ չեք զգում։ Չէ՞ որ նախկին վիճակը ձեզ ծանոթ է ու հարազատ, սակայն, քանի դեռ ապրում ենք, երբեք չպետք է դադարենք առաջ գնալ ու փորձել։

 

Եթե այս վիճակը ձեզ ծանոթ է, ապա քայլեր ձեռնարկեք և դուրս եկեք այն շրջանակից, որում  մեծացել եք։ Մի մերժեք նորը և փորձեք, գուցե ավելի լավը գտնվում է ձեր կոմֆորտ զոնայից դուրս։

02.07.2019

Կենսակերպ