Ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ ծրագրավորող լինելու համար

Ցանկանում եք սովորել որևէ ծրագրավորում, սակայն չե՞ք պատկերացնում բացի լեզու իմանալուց ինչ է անհրաժեշտ լավ մասնագետ լինելու համար։ Տարբեր միջազգային աղբյուրներ նշում են, թե ինչ որակներ պետք է ունենալ լավ ծրագրավորող լինելու համար։ Դե ինչ, սկսենք։

 

Հավատ սեփական ուժերի նկատմամբ

Կոդ գրելիս շատ կարևոր է լինել համբերատար և պատասխանատու։ Երբ պատասխանատվություն եք ստանձնում, պարզ է դառնում, թե ինչ խնդիր եք լուծելու կամ ինչ նախագիծ եք ներկայացնելու։ Եթե չունեք պատասխանատվության զգացում, ծրագրավորող լինել չարժե։ Ձեր գործից շատ բան է կախված լինելու։ Դե իսկ եթե հավատում եք ձեր ուժերին, ապա վստահ առաջ գնացեք։

 

Լեզու

Դե էլ ինչ ծրագրավորող առանց ծրագրավորման լեզու իմանալու, սակայն կարևոր է իմանալ նաև անգլերեն. Այդպես գործը կրկնակի կհեշտանա։

 

Տրամաբանություն

Մաթեմատիկայի ու երկրաչափության հետ երբևէ կապ ունեցող մարդկանց հաճախ կարելի է տեսնել ծրագրավորողի դերում։ Պատկերացնելը, թե որ սխալն էր հանգեցրել ծրագրի խաթարման, հիմնականում կապված է տրամաբանության և հոտառության հետ։ Իսկ ինչպե՞ս զարգացնել տրամաբանությունը։ Վերաբերվեք նրան մկանների պես և սկսեք տրամաբանական խնդիրներ լուծել։

 

Ուշադրություն մանրուքների նկատմամբ

Ինչպե՞ս ձեռք բերել այդ հմտությունը։ Կազմեք ցուցակներ։ Երբ նոր բան եք սովորում ավելացրեք այն ցուցակում, երբ ունեք ապագայում սովորելու բաներ կազմեք առանձին ցուցակ, որտեղ կգրեք, թե ինչպես եք դա անելու։ Ավարտելուց հետո նշեք այն որպես արված, բայց մի ջնջեք, հետո կանդրադառնաք դրան։

Մեկ այլ եղանակ է ինքներդ ձեզ հանգիստ տալը։ Մոռացեք ամեն ինչ մասին ու խորը շնչեք 10-20 րոպե։ Դրանից հետո ավելի թարմ ուղեղով կշարունակեք։

 

Աբստրակտ մտածողություն

Աբստրակտ մտածողության դեպքում չկան առարկաներ։ Այն կոդավորման հիմքն է, քանի որ գրված կոդը երբեք հնարավոր չէ դիտարկել կամ չափել ֆիզիկապես։ Պետք է կարողանալ պատկերացնել՝ ինչպես ծրագրավորել մտածած նախագիծը։

 

Համբերություն

Դուք կարող եք գրել մի բան և երեք անգամ ստուգել այն, սակայն կրկին հիասթափություն. այն չի աշխատում։ Դուք գաղափար չունեք՝ ինչն է պատճառը, ինչն եք սխալ արել, ինչպես ֆիքսել այն։ Հանգիստ և համբերատար եղեք, դուք առաջին մարդը չեք։

 

Հաղորդակցական հմտություններ

Ծրագրավորողներին շատերը գիտեն որպես էգոիստ մարդիկ, սակայն իսկական ծրագրավորողն ու լավ մասնագետը պետք է միշտ պատրաստ լինի լսել կարծիքներ։ Շփումներ հաստատելը շատ կարևոր է դրական աշխատանքային մթնոլորդ ստեղծելու համար։

14.03.2019