Ինչպե՞ս ճիշտ լիցքավորել նոութբուքը և հոգ տանել մարտկոցի մասին

Շատ կարևոր է ճիշտ հոգ տանել համակարգչի մարտկոցի մասին և խնայել նրա կյանքը։ Կան որոշակի նրբություններ ու գաղտնիքներ, որոնք կօգնեն ամեն ինչ ճիշտ անել և հնարավորինս ուշ լիցքավորել նոութբուքը։ Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետները։

 

Լիցքավորման հաճախություն

Շատ կարևոր է հաշվի առնել նոութբուքերի մարտկոցների լիցքավորման շրջափուլերի քանակը։ Սովորաբար այդ թիվը 500-ն է։ Ի՞նչ է դա նշանակում։ Եթե մարտկոցն ամբողջությամբ լիցքաթափվում է, ապա նորից հարյուր տոկոսով լիցքավորվում, դա կազմում է մեկ շրջափուլ։ Եթե այն լիցքաթափվի 50 տոկոսով և նորից 100 տոկոս լիցքավորվի, դա կկազմի կես շրջափուլ։ Ժամանակի ընթացքում յուրաքանչյուր շրջափուլի հետ մարտկոցը գնալով թուլանում է իր սկզբնական հզորությունից։ Հետևաբար, պետք չէ թողնել, որ այն ամեն անգամ ամբողջությամբ լիցքաթափվի։

Մարտկոցի աշխատանքը խնայելու համար նաև կարող եք օգտվել Windows 10-ի  Battery Saver-ից, որն ավտոմատ կմիանա, երբ ձեր համակարգչի մարտկոցի էներգիան հասնի 20%-ի։ Այն ավտոմատ կանջատի հետևի ֆոնի ակտիվ ծրագրերը, կնվազեցնի էկրանի պայծառությունը և նման փոփոխություններով կօգնի պահպանել էներգիան հնարավորինս երկար։

MacBook-ի դեպքում կա Power Nap կոչվող գործառույթը, որը թույլ կտա ստանալ ծանուցումներ անգամ այն ժամանա, երբ համակարգիչը «քնի» ռեժիմում է։  Իսկ automatic graphics switching-ի միջոցով կկարողանաք հարմարեցնել համակարգչի գրաֆիկան այնպես, որ այն քիչ էներգիա ծախսի։

Կան նաև այլ տարբերակներ, որոնք դուք ինքներդ կարող եք անել։ Օրինակ՝ կարող եք անջատել Bluetooth-ը, եթե այն պետք չէ, թուլացնել էկրանի լուսավորությունը կամ անջատել ստեղնաշարի լույսը։

Ըստ Battery համալսարանի՝ առաջ խորհուրդ էր տրվում խուսափել սարքերը լիցքավորիչին 100 տոկոսից հետո հոսանքին միացրած թողնելուց, բայց այժմ ժամանակակից սարքերի և լիցիում-իոնային մարտկոցների դեպքում դա վնաս չի հասցնի։ Այնուամենայնիվ, ամենակարևոր բանը, որ պետք է հիշել լիցիում-իոնային մարտկոցների մասին այն է, որ պետք չէ թողնել, որ նրանք 20 տոկոսից ավել լիցքաթափվեն։

 

Խուսափեք տաքությունից

Այսօր լիցիում-իոնային մարտկոցները դիմացկուն են, սակայն նրանք կարող են դիմանալ միայն որոշակի ջերմությանը։ Օրինակ, եթե լիցքավորելիս մարտկոցը շատ է տաքանում ծանր աշխատանք կատարելու արդյունքում, ապա դադար տվեք։ Թողեք, որ այն սառի։ Անջատեք համակարգիչը կամ թողեք, որ այն հանգստանա, այդպես չեք վնասի մարտկոցը։

Նույնը վերաբերում է նաև տաք տեղեր դնելուն։ Խուսափեք համակարգիչը արևի տակ լուսամուտի գոգին կամ մեքենայի մեջ թողնելուց։ Նման պայմաններում մարտկոցը կվնասվի, որը հնարավոր է անմիջապես չզգաք։

Սակայն ցածր ջերմաստիճանը սովորաբար խնդիր չէ, անգամ խորհուրդ է տրվում մարտկոցը պահել սառը տեղում, սակայն ոչ սառցարանի ջերմաստիճանի պայմաններում։ Չափազանց սառը ջերմաստիճանը նույնպես վնասում է մարտկոցը։

Համակարգչի ջերմաստիճանին հետևելու բազմաթիվ ծրագրեր կան, օրինակ՝ CoreTemp-ը  Windows-ի համար։

Ծրագրային թարմացում

Կարևոր է նաև պարբերաբար թարմացնել համակարգչի ծրագիրը։ Ծրագրերի թարմացման մեջ է մտնում նաև այն եղանակը, որով նրանք սպառում են մարտկոցի էներգիան։ Օպերացիոն համակարգի նոր տարբերակը կարող է ավելի էներգախնայող լինել։

Կարող եք ընթերցել նաև «Կարելի՞ է հեռախոսը ողջ գիշեր թողնել լիցքավորման և ինչպե՞ս ճիշտ լիցքավորել այն»։

30.03.2019