Ինչպե՞ս դրսևորել աշխատանքի ընդունվելու հարցազրույցին. հարց ու պատասխան

Ցանկանում եք պատրաստվել հարցազրույցի և հաջողությամբ աշխատանքի՞ անցնել։ Ձեզ ենք ներկայացնում աշխատանքի ընդունվելու հարցազրույցին տրվող ամենատարածված հարցերի ամենախելամիտ պատասխանները։ 

 

Պատմեք ձեր մասին

 

Բարևելուց և ներկայանալուց հետո տրվում է այս հարցը։ Այստեղ չպետք է պատմեք ձեր անձնականի, նախասիրությունների մասին, այլ պետք է պատմեք ձեր կարիերայի և աճի մասին։ Պատմեք՝ որտեղ եք սովորել, աշխատել։

 

Որո՞նք են ձեր ուժեղ կողմերը

 

Այս հարցին վերաբերվեք որպես ինքներդ ձեզ գովազդելու միջոց։ Ընտրեք այնպիսի ածականներ, որոնք կնկարագրեն ձեզ այնպես, որ հնարավորինս համապատասխանեք աշխատանքին։ Օրինակ՝ պունկտուալ, թիմում աշխատել սիրող, ձգտող, նախաձեռնող, խուճապի չմատնվող։ 

Սակայն հիշեք, որ այս ամենը թվարկելիս պետք է կարողանաք նաև դրանք ապացուցել օրինակներով։ Նրանք կարող են այս նույն հարցը տալ այլ ձևերով, օրինակ, ինչու՞ պետք է հենց քեզ ընդունենք աշխատանքի, ի՞նչ կարող ես դու մեզ առաջարկել, ինչո՞վ ես դու համապատասխանում այս աշխատանքին, ինչո՞վ ես դու լավագույն թեկնածուն։

 

Որո՞նք են ձեր թույլ կողմերը

 

Բոլորն էլ ունեն թույլ կողմեր, ոչ ոք կատարյալ չէ, սակայն կարևոր է բացասական կողմերը դրականով ներկայացնելու կարողությունը։ Եթե օրինակ մի նախագծի վրա շատ ժամանակ եք ծախսում և դրա հետևանքով դանդաղ եք վերջացնում առաջադրանքը, ապա կարող եք ասել, որ սիրում եք ամեն ինչ որակով անել, ստուգել մի քանի անգամ և հետո նոր ներկայացնել նախագիծը։ Կամ կարող եք ասել, որ մշակել եք ժամանակն արդյունավետ ծախսելու մեխանիզմ, որը կօգնի ձեզ ավելի արագ ավարտել աշխատանքը։

 

Ինչու՞ եք թողել ձեր նախկին աշխատանքը

 

Հարցազրույց անցկացնողն ուզում է այս հարցով իմանալ՝ արդյո՞ք ձեզ հեռացրել են, թե դուք եք դուրս եկել աշխատանքից կամ գուցե կրճատվել եք։ Սակայն, ամեն դեպքում, խուսափեք բացասական արտահայտվել նախկին աշխատավայրի մասին։ Կարող եք տալ հետևյալ պատասխանները՝ ինձ նոր մարտահրավերներ են պետք, կարծում եմ, որ չէի կարողանում ցույց տալ տաղանդս, ես աշխատանք եմ փնտրում, որը համապատասխանում է իմ որակավորումներին, ես աշխատանք եմ փնտրում, որտեղ ես կարող եմ աճել ընկերությանը զուգահեռ։

 

Որտե՞ղ եք ձեզ պատկերացնում հինգ տարի հետո

 

Այստեղ բնականաբար հետաքրքիր է ձեր կարիերայի աճը։ Պետք է ցույց տաք, որ դուք ձգտող եք, բայց ոչ չափից շատ, քանի որ այդ դեպքում կարող եք դիտվել որպես մրցակից։ Կարող եք ասել, որ կբարելավեք ձեր հմտությունները, հայտնի կդառնաք ձեր ասպարեզում, կդառնաք ավելի անկախ, ձեռք կբերեք նոր գիտելիքներ, ավելի բարձր պաշտոն կստանաք, կլինեք թիմի ղեկավար։

 

Ի՞նչ աշխատավարձ եք ակնկալում

 

Նախ հետաքրքրվեք, թե որքան արժե ձեր աշխատանքը, մի ասեք, որ չգիտեք։ Վստահ եղեք և մի վաճառեք ձեզ շատ էժան կամ շատ թանկ։ Իրականում նրանք արդեն գիտեն, թե որքան են վճարելու ձեզ, սակայն ցանկանում են ստուգել՝ արդյո՞ք դուք տեղյակ եք ձեր հմտությունների մասին։

 

Հարցեք ունե՞ք

 

Այս հարցով է ավարտվում հարցազրույցը։ Դուք էլ լավ կանեք հարցեր տաք։ Սակայն մի հարցրեք, թե ինչով է զբաղվում ընկերությունը, քանի որ այդ մասին արդեն պետք է ուսումնասիրած լինեիք։ Կարող եք տալ նմանատիպ հարցեր՝ ցույց կտա՞ք մի նախագիծ, որի համար ես պետք է աշխատեմ, արդյո՞ք ընկերությունն ապահովում է հավելյալ թրեյնինգներ, ո՞րն է իմ հաջորդ քայլը։

Ամեն դեպքում, մի վախեցեք հարցազրույցներից, եղեք վստահ, ցույց տվեք ձեր հմտություններն ու գիտելիքները։ Ցանկանում ենք հաջողություն։

24.07.2019